նվիրաբերվել է ֏22 000
3 Donors

Ի՞ՆՉ Է ՎԻՔԻՃԱՄԲԱՐԸ

Վիքիճամբարը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության ամենանորարական նախագծերից մեկն է։ Ճամբարի նպատակն է զարգացնել Հայերեն Վիքիպեդիան և Վիքիմեդիա այլ նախագծերը դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։ Բացի խմբագրել սովորելուց նրանք նաև խաղում են սպորտային և ինտելեկտուալ խաղեր, քվեստներ և մասնակցում են այլ միջոցառումների, որոնք մասնակիցների մեջ սերմանում են սեր գիտելիքի հանդեպ, դարձնում նրանց հետաքրքրասեր եւ արդյունավետ։

Վիքիճամբարը հնարավորություն է տալիս երիտասարդներին և պատանիներին բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները վիքինախագծերի միջոցով։ Վիքիճամբարը այլընտրանքային կրթության միջոց է, որի օգնությամբ ճամբարականները ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։

Ի՞ՆՉ Է ՏԱԼԻՍ ՎԻՔԻՃԱՄԲԱՐԸ

Վիքիպեդիայում և մյուս նախագծերում խմբագրելը չափազանց հետաքրքրաշարժ զբաղմունք է, և շատ մասնակիցներ, Վիքիճամբարում սովորելով, ակտիվորեն շարունակում են խմբագրել։ Վիքիխմբագիրները սովորում են շարադրել իրենց մտքերը համոզիչ և հասանելի ձևով և համագործակցել այլ խմբագիրների հետ՝ դրական և հիմնավորված արձագանքելով քննադատությանը։

Վիքիճամբարի առօրյան կառուցված է այնպես, որ նպաստի ճամբարականի ինքնավստահության և ինքնուրույնության բարձրացմանը։ Ճամբարում մասնակիցները սովորում են կշռադատել, անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքն ու որոշումներ կայացնել, որն ապահովում է առաջընթաց ամբողջ կյանքի համար։

Վիքիճամբարում կան թիմային աշխատանքին վերաբերող շատ միջոցառումներ, որոնք նպաստում են համագործակցությանը, հաղորդակցմանը, խնդիրների, կոնֆլիկտների լուծմանը։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ

Յուրաքանչյուր Վիքիճամբարին մասնակցում են նաև փորձառու խմբագիրներ մանկավարժներ։ Վիքիհարթակներում խմբագրելու կանոններն ու գործիքները մասնակիցները սովորում են հետաքրքիր խաղերի և համատեղ խմբագրումների միջոցով՝ իրենցից ավելի փորձառու խմբագիրներից, որոնք էլ փոխանցում են ոչ միայն գիտելիքներ և հմտություններ, այլև ազատ առցանց բովանդակության ստեղծումը դարձնում են շատ հավես և հետաքրքիր գործ։

Վիքիճամբարին Ձեր նվիրաբերման շնորհիվ Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների երեխաներից ևս մեկը հնարավորություն կստանա մասնակցել այս կրթական, զարգացնող և հավես միջոցառմանը։

Վիքիճամբարի մասին ավելին՝ www.wikicamp.org կայքում։