Blog

Հայկական կրթական հիմնարկության հետ համագործակցության ամփոփում

2018 թվականի դեկտեմբերից Հայ կրթական հիմնարկության 53 կրթաթոշակառու ցանկություն հայտնեց իր կամավորական աշխատանքն իրականացնել «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ում՝ հարստացնելով հայերեն Վիքիմեդիա նախագծերը որակյալ բովանդակությամբ։ Սա նոր և շատ հետաքրքիր փորձառություն էր կազմակերպության համար։ Ճանաչողական վորքշոփից հետո 25 ուսանող շարունակեց խմբագրել մինչև հուլիսի 1-ը։

Ուսանողները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից հոդվածներ են թարգմանել։ Այն ուսանողները, որոնք չունեին թարգմանչական հմտություններ, Հայերեն Վիքիդարանում սրբագրել են հայ դասականների ստեղծագործությունները։ Աշխատանքային գործընթացը համակարգվել է հիմնականում առցանց՝ էլ․ փոստի միջոցով։ Ուսանողներն սկզբնապես աշխատել են իրենց ավազարկղերում և հոդվածների որակի ստուգումից հետո դրանք տեղափոխել են հիմնական անվանատարածք։

Համագործակցության արդյունքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել և բարելավվել է 104 հոդված, իսկ Հայերեն Վիքիդարանում՝ սրբագրվել ավելի քան 150 էջ։ Ամենաակտիվ 15 ուսանողները ստացել են հավաստագրեր։

Վիքիմեդիա Հայաստանը, ամփոփելով Հայ կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը, վերջինիս ներկայացրել է համագործակցության արդյունքները և ստացել դրական արձագանք․ գործընկեր կազմակերպությունը բարձր է գնահատում Վիքիմեդիա Հայաստանի գիտակրթական գործունեությունը, որը սերտորեն կապված է իրենց գաղափարախոսության հետ։ Երկու կողմերն էլ ցանկություն են հայտնել շարունակել համագործակցությունը հետագայում։

Լիլիթ Թարխանյան, Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագրի համակարգող