Blog

Դպրոցներն ու վիքիակումբները կարող են արդյունավետ համագործակցել

Դպրոցում հանձնարարվող առաջադրանքները հաճախ նպատակ ունեն ստուգելու աշակերտի գիտելիքը: Աշակերտի համար, սակայն, ավելի հետաքրքիր ու մոտիվացնող է այնպիսի առաջադրանքը, որի կատարումից հետո ինքը նաև արդյունք է տեսնում: Արդյունավետ առաջադրանքի հաջողված օրինակներից է աշակերտներին որպես գործնական աշխատանք Հայերեն Վիքիպեդիայում հոդված ստեղծել հանձնարարելը:

2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ Դավիթ Եղիազարյանը դպրոցի ութերորդ դասարանի աշակերտներին որպես գործնական աշխատանք հանձնարարել էր հոդվածներ գրել Հայերեն Վիքիպեդիայում հասարակական նշանակության տարբեր անձանց ու երևույթների մասին: Աշակերտները հանձնարարությունը կատարել են Քարվաճառի վիքիակումբի հետ համագործակցությամբ:

«Որպես գործնական աշխատանք բազմիցս հանձնարարել եմ աշակերտներին կատարել ուսումնասիրություններ տարբեր թեմաների վերաբերյալ: Դրանց ընթացքում նրանք հաճախ օգտվել են Վիքիպեդիա հանրագիտարանի նյութերից: Հայերեն Վիքիպեդիան աղքատիկ է որոշ ոլորտներին վերաբերող հոդվածների հարցում, և սա լավ առիթ էր համատեղելու մի քանի կարևոր գործեր` դասանյութի ուսումնասիրությունը, հետազոտությունը, աղբյուրների հետ աշխատանքը, թարգմանությունը և այլն»,— պատմում է հասարակագիտության ուսուցիչ Դավիթ Եղիազարյանը: Գնահատելով կատարված աշխատանքը՝ ուսուցիչն ընդգծում է, որ այն, անկասկած, արդյունավետ էր: «Սակայն ապագայում որոշ հղկումների կարիք կա: Հիմնական խնդիրներից մեկը լեզուների աղքատիկ իմացությունն է, ինչը խանգարում է արդյունավետ թարգմանություններ կատարելուն: Շատ կարևոր է նաև դպրոցում աշակերտներին քննադատական և վերլուծական հմտություններ տալը, ինչը նրանց կօգնի ոչ միայն Վիքիպեդիայում խմբագրելիս, այլ նաև հետագա կյանքում»,— ասում է Դավիթ Եղիազարյանը: Նշենք, որ երեխաներն իրենց խմբագրած հոդվածները պատմել են դասարանում` այսպիսով հավելյալ գիտելիք փոխանցելով նաև իրենց դասընկերներին: Գնահատվել է ինչպես ստեղծված հոդվածի որակը, այնպես էլ` նյութը վերարտադրելու և վերլուծելու կարողությունը:

«Երեխաների համար իրենց կատարած աշխատանքը շատ հետաքրքիր էր: Շատերի համար դա առաջին խմբագրումն էր Վիքիպեդիայում: Դպրոցում նրանք մեծ ոգևորությամբ էին ներկայացնում իրենց կատարած աշխատանքը, և նրանցից շատերը հետագայում դարձել են վիքիակումբի ակտիվ խմբագիրներ»,— նշում է ուսուցիչը և կարևորում, որ այս փորձի արդյունքում շատ երեխաներ ձեռք են բերում Վիքիպեդիայում խմբագրելու օգտակար սովորությունը:

Դավիթ Եղիազարյանը վստահեցնում է, որ նման միջոցառումը շարունակական բնույթ է կրելու և մոտ ապագայում ևս անպայման կհանձնարարի նման աշխատանքներ, որովհետև դրանք շատ են նպաստում թե՛ հենց առարկայի ուսումնասիրմանը, թե՛ հարակից գիտելիքների ձեռքբերմանը, թե՛ քննադատական մտածողության զարգացմանը: «Նման հանձնարարությունները նաև շատ ոգևորիչ են հենց աշակերտների համար»:

Դպրոցում ուսումնասիրվող բոլոր առարկաներին վերաբերող բազմաթիվ հոդվածներ սպասում են հայերեն թարգմանվելուն և աշակերտները կարող են ներդրում անել հայերենով հանրամատչելի գիտելիքի ծավալների մեծացման գործում` միաժամանակ դրանից ստանալով մեծ բավականություն և հմտություններ»,— վստահ է Դավիթ Եղիազարյանը:

Թամարա Գրիգորյան
Քարվաճառի վիքիակումբի համակարգող