Blog

Համագործակցություն Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ

Այս տարի Վիքիմեդիա Հայաստանը սկսել է լայնածավալ համագործակցություն Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ։ Հայոց լեզվի և գրականության դասախոսների հետ համագործակցությունը հնարավորություն ընձեռեց համալսարանի 2-րդ կուրսի բոլոր ուսանողների համար 7 ճանաչողական վորքշոփ կազմակերպել։ Ուսանողներին ներկայացվեցին Վիքիմեդիա գաղափարախոսությունը, Վիքիմեդիա շարժումը և Վիքիմեդիա նախագծերը։ Ուսանողներին կոչ արվեց իրենց նախագծային աշխատանքների շրջանակում ներդրում ունենալ հայերեն Վիքիմեդիա նախագծերում՝ այդպիսով նպաստելով ազատ գիտելիքի ստեղծմանն ու տարածմանը։ Դատելով ակտիվ քննարկումներից և բարձրացված հարցերից՝ ուսանողներին բավականին հետաքրքրել էր գրականության վերաբերյալ հոդվածներ գրելը։

Վիքիմեդիա Հայաստանի աշխատակազմի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսների հետ համակարգված աշխատանքի արդյունքում 34 ուսանող իր ներդրումն ունեցավ Հայերեն Վիքիպեդիայում և Վիքիդարանում։ 12 ուսանող սրբագրել է 1917 թվականին հրատարակված գրական, գիտական և սոցիալ-քաղաքական «Գործ» ամսագիրը Հայերեն Վիքիդարանում։ Մյուս ուսանողները Անգլերեն Վիքիպեդիայից 20 հոդված են թարգմանել գրական ժանրերի, ստեղծագործությունների և գրողների մասին։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությունը Վիքիմեդիա Հայաստանի Կրթական ծրագրի մեծ և կարևոր համագործակցություններից մեկն է, որի շարունակական լինելը կօգնի Հայերեն Վիքիպեդիան և Վիքիդարանը հարստացնել գրականության վերաբերյալ բարձրորակ հոդվածներով։

Լիլիթ Թարխանյան, Կրթական ծրագրի համակարգող