Blog

15-րդ Վիքիմանիան Մելարենի քաղցր և Բալթիկի աղի ջրերը միավորող քաղաքում՝ Ստոկհոլմում

Վիքիմանիան  (Վիքիմեդիայի ամենամյա  միջազգային համաժողով) Վիքիմեդիա համայնքի ամենամյա միջազգային համաժողովն է, որի ընթացքում հարյուրավոր կամավոր խմբագիրներ և ազատ գիտելիք տարածող առաջնորդներ հավաքվում են քննարկելու Վիքիմեդիա հիմնադրամի ազատ գիտելիք տարածող վիքինախագծերի՝ Վիքիպեդիայի, Վիքիբառարանի, Վիքիպահեստի, Վիքիտվյալների, Վիքիդարանի, Վիքիգրքերի, Վիքիցեղերի, Վիքիլուրերի,  Վիքիլսարանի մոտեցումներն ու խնդիրները  հանդիպումների, սեմինարների, դասընթացների, քննարկումների և հաքաթոնի միջոցով:  

2019 թվականի համաժողովի հինգ օրերի ընթացքում Վիքիմանիան Սկանդինավիայի խոշորագույն քաղաքում՝ Ստոկհոլմում էր համախմբել  և ազատ գիտելիքի հարթակ բերել կամավորների ու առաջնորդների՝ քննարկելու Վիքիպեդիայի և ազատ գիտելիքի դերը Կայուն զարգացման նպատակների իրականացման օրակարգում: Նպատակների թվում են որակյալ կրթության իրավունքը, գենդերային անհավասարությունների նվազումը, նորարարությունների ապահովումը, մարդկանց դերի բարձրացում անկախ իրենց ծագումից, աջակցում գլոբալ գործընկերության զարգացմանը և այլն։

Վիքիմանիայի բացման արարողություն և Կայուն զարգացման 17 նպատակները։ Լուսանկարը՝ Armineaghayan-ի, CC BY-SA 4.0

15-րդ Վիքիմանիայի թեմատիկան էր «Ավելի ուժեղ միասին. Վիքիմեդիա, ազատ գիտելիք և կայուն զարգացման նպատակներ»-ը, որը հնարավորություն տվեց գլոբալ համատեքստում անդրադառնալ Վիքիմեդիայի աշխատանքներին՝ ինչպես համագործակցության, նորամուծության միջոցով կարող ենք իրականում ավելի լավ աշխարհ ստեղծել և ազատ գիտելիքի շարժումը միավորել կայունության հետ

Վիքիմանիան անցկացվեց Ստոկհոլմի համալսարանի ամենամեծ լսարանում՝ Աուլա Մագնայում,  որտեղ ի թիվս դասախոսությունների, հանդիպումների և սեմինարների, տեղի են ունենում նաև նոբելյան դասախոսություններ:

Վիքիմանիայի բացման արարողությունը Աուլա Մագնայում: Լուսանկարը՝ Vysotsky-ի, CC BY-SA 4.0

Այս տարի Վիքիմանիայում ծրագրերը ներկայացված էին տարածքների (“Spaces”) ձևաչափում, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կազմակերպիչն ու համակարգողը: Յուրաքանչյուր «Տարածք» ուներ իր թեմաների ոլորտը, որոնք իրենց ձևով յուրաքանչյուրն անդրադառնում էին համաժողովի թեմային` «Ավելի ուժեղ միասին. Վիքիմեդիա, ազատ գիտելիք և կայուն զարգացման նպատակներ»:

Վիքիմանիայի հայ մասնակիցները ելույթներ ունեցան կրթության, զարգացման, բազմազանության տարածքներում՝ խոսելով կրթության հավասար հնարավորությունների, Հայկական վիքիհամայնքի ընդլայնման, Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի, Վիքիդասարանի ու Վիքիակումբների գործունեության, ԳԼԱՄ հարթակում հայաստանյան մշակութային հաստատությունների հետ համագործակցության, Վիքիպեդիայում կանանց կենսագրականների բացը լրացնելու մասին թեմաներով:

Համաժողովում (ինչպես նաև ինձ համար) նշանակալի դեր ունեն մշակութային ժառանգությունը և ԳԼԱՄ (GLAM — Galleries, Libraries, Archives and Museums) հաստատությունները: Վիքիպեդիայի բազմահազար կամավորների շնորհիվ մշակութային ժառանգությունը ազատ հասանելի է դառնում ամբողջ աշխարհի օգտատերերի համար, իսկ ԳԼԱՄ Վիքի նախագծերի միջոցով հաստատությունները հնարավորություն են ստանում աշխարհի հետ կիսվելու իրենց հավաքածուներով ու ֆոնդերով: Վիքիմանիայում ԳԼԱՄ տարածքը հագեցած էր հետաքրքիր և բազմաբնույթ ներկայացումներով, այդ թվում՝ «Ինչու են թանգարանները որոշում բացել իրենց հավաքածուները», «ԳԼԱՄ նախագծում Վիքիմեդիա համայնքին ներգրավելու ռուսական փորձը», «Վիքիմեդիա Սերբիայի համագործակցությունը Մշակույթի և տեղեկատվության նախարարության հետ», «Մետրոպոլիտեն թանգարանի համագործակցությունը Վիքիմեդիա համայնքի» հետ՝ ուղղված Վիքիտվյալների և Վիքիպահեստում կառուցվածքային տվյալների թարմացման շարունակական ռազմավարությանը:

Վիքիմանիայի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Խոսելով Վիքիպեդիայում կանանց ավելի տեսանելի դարձնելու մասին՝ պետք է նշեմ, որ թեև Հայերեն Վիքիպեդիայում մենք ունենք ավելի շատ կին վիքիխմբագիրներ, համաշխարհային վիքիշարժման մեջ կին խմբագիրներն ավելի քիչ են և ներկայացվող կենսագրականներն ավելի շատ ներկայացնում են տղամարդկանց: Գենդերային հավասարություն ապահովելու համար Վիքիմեդիա նախագծերում կամավորների կողմից ստեղծվում են տարբեր խմբեր ու արշավներ Վիքիպեդիայում կենսագրություն չունեցող կանանց վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու համար: Նմանատիպ ծրագրերից է Վիմին ին Ռեդ (Women in Red) արշավը, Ինտերվիքի Վիմին (Interwiki Women) համագործակցությունը, որի համահիմնադիրներից եմ հանդիսանում ինքս: 

Արմինե Աղայանը և Կամելիա Բոբանը ներկայացնում են Interwiki Women համագործակցությունը։ Լուսանկարը՝ Թամարա Գրիգորյանի, CC BY-SA 4.0

Վիքի գեփ (WikiGap) կանանց կենսագրականները բարելկավող միջազգային մարտահրավերը մեկնարկել է 2019 թվականին Կանանց միջազգային օրը: Վիքիմանիայի շրջանակներում Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունում վիքիպեդիստների հետ կայացած հանդիպման ժամանակ նախարարության հաղորդակցության ռազմավարագետ Լինա Էիդմարկի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հայերեն խմբագրող վիքիպեդիստները 2020 թվականից միանան կանանց ներգրավվածությունը բարձրացնող այս մարտահրավերին:

Լինա Էիդմարկի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց 2020 թվականից Հայաստանում անցկացնել WikiGap միջազգային արշավը: Լուսանկարում՝ Արմինե Աղայան և Լինա Էիդմարկ: Լուսանկարը՝ CC BY-SA 4.0

Վիքիմանիայի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Նոբելյան ամենամյա հանդիսավոր ճաշկերույթների սրահում՝ Ստոկհոլմի քաղաքապետարանի կապույտ սրահում:

Վիքիպեդիստները համալիրի «Ոսկե սրահում»: Լուսանկարը՝ Armineaghayan-ի, CC BY-SA 4.0

Վիքիպեդիստներին համախմբած Վիքիմանիայի փակման արարողությունը անցկացվեց Շվեդիայի և Սկանդինավյան ժողովուրդների ավանդույթները ներկայացնող Հյուսիսային թանգարանում, և մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց հաճելի մթնոլորտում վայելելու սկանդինավյան ուտեստներ, ինչպես նաև ծանոթանալու թանգարանի բազմազան ու հարուստ հավաքածուին:

Վիքիմանիայի և ստոկհոլմյան լուսանկարների իմ շարքին կարող եք ծանոթանալ այս հղումով՝   https://commons.wikimedia.org/wiki/Category:Wikimania_2019_by_ArmAg։

Արմինե Աղայան,
Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր և
Վիքիմեդիա Հայաստանի անդամ