Blog

Հայ-հնդկական համագործակցություն. նոր մշակույթ բացահայտելու հնարավորություն աշակերտների համար

«Ինձ միշտ հետաքրքիր է եղել տարբեր երկրների մշակույթը։ Հնդկական խմբագրաթոնը ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու մի շատ հետաքրքիր ու զարմանալի երկրի մշակույթին»,— Անահիտ Սահակյան, Ալավերդու վիքիակումբ։

Այս տարվա հոկտեմբերի 15-30-ը Հայաստանում և Արցախում գործող վիքիակումբների համար կազմակերպվել էր հնդկական թեմատիկայով խմբագրաթոն: Իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հնդկական SEABA միջազգային դպրոցի աշակերտները մասնակցում են հայկական թեմատիկայով խմբագրաթոնին: Խմբագրաթոնը կազմակերպվել է Վիքիմանիա 2019-ի ժամանակ Քարվաճառի վիքիակումբի համակարգող Թամարա Գրիգորյանի և Փանջաբի վիքիհամայնքի ներկայացուցիչ, կրթական ծրագրերի համակարգող Մանավպրետ Կաուրի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:

Ալավերդու վիքիակումբի երեխաները համագործակցության շրջանակներում կազմակերպված վորքշոփի ժամանակ, լուսանկարը՝ Նարինե Մուրադյանի

SEABA միջազգային դպրոցի ուսուցիչ Ջագսեր Ս. Սիդհուն ևս միացել է նախաձեռնությանը` ներգրավելով նաև դպրոցում գործող վիքիակումբի աշակերտներին: Համագործակցության հիմնական նպատակն էր հայ և հնդիկ աշակերտներին հնարավորություն տալ տեղեկություն ստանալ Հնդկաստանի ու Հայաստանի մասին, ինչպես նաև` կիսել այդ գիտելիքն իրենց վիքիահամայնքների հետ: Համագործակցության հիմնական մասը առցանց խմբագրաթոնն էր, որ կազմակերպվել է թե՛ հայ, թե՛ հնդիկ աշակերտների համար:

Հայաստանի ութ վիքիակումբների խմբագիրներ 15 օրվա մեջ միասին ստեղծել են 73 հոդված հնդկական թեմատիկայով: Հայկական թեմատիկայով խմբագրաթոնին արդեն մասնակցել են 15 հնդիկ աշակերտներ, որոնք ստեղծել են 31 հոդված Հայաստանին վերաբերող տարբեր թեմաներով: Նրանք խմբագրաթոնը կշարունակեն մինչև դեկտեմբեր:

Քարվաճառի վիքիակումբի երեխաները համագործակցության շրջանակներում կազմակերպված վորքշոփի ժամանակ, լուսանկարը՝ Թամարա Գրիգորյանի

Ընտրվել էին որոշակի թեմաներ (ազգային խոհանոց, ազգային հագուստ, քաղաքներ, դերասաններ, ֆիլմեր), կազմվել ցանկեր, որոնցից էլ օգտվում էին խմբագրաթոնի մասնակիցները:

«Խմբագրաթոնն օգտակար էր. շատ բան իմացանք Հնդկաստանի սովորույթների մասին, շատ հետաքրքիր էր, որ տարբեր վիքիակումբների խմբագիրներ էի մասնակցում խմբագրաթոնին: Ավելի լավ կլինի, որ հաճախ կազմակերպենք նմանատիպ խմբագրաթոներ այլ երկրների հետ ևս, որպեսզի թե՛ մենք ավելի շատ գիտելիք ստանանք տարբեր երկրների մասին, թե՛ այլ երկրների աշակերտներ, ուսանողներ իմանան Հայաստանի մասին»,— Լենա Ղազարյան, Քարվաճառի վիքիակումբ:

Հնդիկ աշակերտների խոսքով` նրանք շատ լավ հնարավորություն են ստացել իմանալու իրենց անծանոթ մի նոր մշակույթի մասին: «Սա փոխանակման հաճելի ծրագիր է, որը հետաքրքիր է դարձրել նրանց սովորական առօրյան»,— ասում է Ջագսեր Ս. Սիդհուն:

Հայ խմբագիրների համար հատկապես հետաքրքիր էր հնդկական խոհանոցը:

«Հնդկական խոհանոցի ուտելիքներն անսովոր են մեզ համար: Դրանք հիմնականում բոլորը կծու են: Նրանք ճաշատեսակի մեջ համադրում են այնպիսի բաղադրամասեր, որ մեզ կարող է տարօրինակ թվալ: Որոշ ուտելիքներ պատրաստելու հատուկ ժամանակ ու արարողակարգ ունեն, մատուցվում են որոշակի առիթներով»,— Մարիետա Վարդանյան, Քարվաճառի վիքիակումբ:

Առցանց խմբագրաթոնից բացի մի քանի վիքիակումբներում տեղի ունեցան նաև այլ միջոցառումներ: Քարվաճառի վիքիակումբի ավագ դասարաններում սովորող խմբագիրներն իրենց կրտսեր ընկերներին պատմեցին Հնդկաստանի պատմության, աշխարհագրության, հնդիկների ազգային-ազատագրական պայքարի, մշակութային կարևոր կոթողների մասին: Նմանատիպ միջոցառում նախատեսվում է նաև SEABA դպրոցում, որտեղ հնդիկ աշակերտներին կներկայացվի Հայաստանի պատմությունը:

Կողբի վիքիակումբի խմբագիրները խմբագրաթոնի ավարտին հայ-հնդկական բարեկամության պաստառ պատրաստեցին վիքիակումբի համար` այնտեղ պատկերելով Հնդկաստանի ու Հայաստանի դրոշներն ու քարտեզները:

Կողբի վիքիակումբի մասնակիցների՝ հայ-հնդկական բարեկամությանը նվիրված պաստառ, լուսանկարը՝ Մերի Խաչատրյանի

Խմբագրաթոնը պատանի խմբագիրների համար տվյալ երկրի մասին գիտելիք ստանալու և վիքիակումբների միջև համագործակցության հնարավորություն է դարձել.

«Շատ հետաքրքիր էր հատկապես այն, որ բոլոր վիքիակումբներով աշխատում էինք մի խմբագրաթոնի համար, ու դա մրցույթ չէր, այլ մեր գիտելիքների բացը լրացնելու լավագույն միջոց։ Կուզենայի, որ ոչ միայն Հնդկաստանի, այլ նաև աշխարհի տարբեր երկրների հետ լինեին նմանատիպ համագործակցություններ, քանի որ, վստահ եմ, յուրաքանչյուր երկրում մի յուրահատուկ գաղտնիք կա թաքնված»,— Անահիտ Սահակյան, Ալավերդու վիքիակումբ։

Թամարա Գրիգորյան
Քարվաճառի վիքիակումբի համակարգող