Blog

«Խմբագրաթոնը հնարավորություն է տալիս շեղվել հիմնական հետաքրքրություններից»․ Վիքիակումբների անդամները հոդվածներ են գրել ամանորյա թեմատիկայով

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության վիքիակումբներում արդեն ավանդույթ է դարձել կարևոր տոներին ու համաշխարհային նշանակության իրադարձություններին նվիրված խմբագրաթոնների կազմակերպումը, որոնք մասնակիցներին օգնում են Վիքիպեդիայում խմբագրելը կապել իրենց ընթացիկ կյանքի ու իրենց հետաքրքրությունների հետ։

Հերթական խմբագրաթոնը, որ նվիրված էր Ամանորին, Լեռնապատի վիքիակումբում անցկացվել է դեկտեմբերի 10-30-ը․ այդ ընթացքում ութ մասնակիցների կողմից ստեղծվել է 29 հոդված, որ նվիրված են ձմռանն աշխարհի տարբեր անկյուններում անցկացվող հետաքրքիր փառատոնների, ամանորյա հրաշքների մասին պատմող ֆիլմերի, մուլտֆիլմերի մասին։

Այս անգամ ամանորյա խմբագրաթոնին միացել էր նաև Քարվաճառի վիքիակումբը. այստեղ խմբագրաթոնը կազմակերպվել էր 2018 թվականի դեկտեմբերի 3-20-ը և ամփոփվել դեկտեմբերի 25-ին: Ակումբի խմբագիրներին առաջարկել էր ամանորյա ֆիլմերի, մուլտֆիլմերի, երգերի, տոնը նշելու ավանդույթների մասին պատմող հոդվածների ցանկ: Խմբագրաթոնի արդյունքում Քարվաճառի վիքիակումբի 9 ակտիվ մասնակից ստեղծել է 32 հոդված:

Խմբագրաթոնի և վիքիակումբի ակտիվ մասնակից Լենա Ղազարյանը պատմում է․  «Խմբագրաթոների ժամանակ բոլորս գրում ենք նույն ցանկից, այդպես ավելի հեշտ է նյութ ընտրել և մեզ համար ավելի հետաքրքիր: Հաճախ իրար խորհուրդ ենք տալիս` որ նյութը գրել, համ մրցում ենք իրար հետ, համ էլ օգնում ենք իրար»։

Լեռնապատի վիքիակումբից խմբագրաթոնի ամենաակտիվ մասնակիցներից Քրիստինե Հոռոմսիմյանը, որ այդ ընթացքում ստեղծել է 12 հոդված, նշում է, որ ինքն ամեն անգամ սիրով է մասնակցում կազմակերպվող խմբագրաթոններին․ «Վիքիպեդիայում ես խմբագրում եմ շուրջ երկու տարի և այդ ընթացքում ստեղծել եմ տարբեր թեմաներով բազմաթիվ հոդվածներ՝ մասնակցելով նաև մի շարք խմբագրաթոնների։ Դրանցից էր անցած տարվա ավարտին անցկացված խմբագրաթոնը, որի շրջանակներում հոդվածներ եմ ստեղծել հիմնականում առաջարկվող ցանկից։ Դա արդյունավետ է այնքանով, որ առիթ է դառնում որոշակիորեն շեղվելու քո հիմնական հետաքրքրություններից և անդրադառնալու նոր թեմաների՝ սովորելով նորը»։

Քարվաճառի վիքիակումբից Ռոմա Ֆահրադյանը, որ համեմատաբար նոր է միացել ակումբի աշխատանքներին, ճանաչվել է խմբագրաթոնի ամենաշատ հոդված ստեղծած մասնակիցներից մեկը: «Խմբագրաթոնին ոգևորվածությամբ եմ մասնակցել. անկեղծ ասած, շատ էի ուզում հաղթել և փորձել եմ գրել առավելագույն թվով հոդվածներ», պատմում է Ռոման: Խմբագրաթոնի արդյունքներն ամփոփելուց հետո երկու մասնակից ստացել են խրախուսական մրցանակ` առավելագույն թվով հոդվածներ գրելու և երկու մասնակից` ամենաորակյալ հոդվածները գրելու համար:

«Խմբագրաթոնից առաջ վստահ էի, որ չեմ կարողանա գրել շատ թվով հոդվածներ, քանի որ միշտ դանդաղ եմ աշխատում: Ուրախ եմ, որ ունեցանք նաև որակյալ հոդվածների մրցանակ, քանի որ ես սիրում եմ գրել քիչ, բայց որակով հոդվածներ»,— ասում է ակումբի խմբագիրներից 12-ամյա Էլեն Գևորգյանը:

Ակումբների համար խմբագրաթոններ կազմակերպվում են նաև «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության կողմից: Ակումբականները, որ հիմնականում դպրոցականներ են, մեծ ոգևորվածությամբ մասնակցել են նախորդ տարվա վերջում կազմակերպված մուլտֆիլմերի խմբագրաթոնին, գրել մեծ թվով հոդվածներ բարի ու ուսուցողական տարբեր մուլտֆիլմերի մասին: Թեմատիկ խմբագրաթոններն օգնում են պատանիներին որոշակի թեմայով հոդվածներ թարգմանելու հմտություններ ձեռք բերել, նրանք հաստացնում են տվյալ թեմայի վերաբերյալ իրենց բառապաշարը, ըստ իրենց հետաքրքրությունների առաջարկում են թեմաներ հաջորդ խմբագրաթոնի համար և դառնում Վիքիպեդիա հանրագիտարանում ստեղծվող որակյալ բովանդակության լիարժեք հեղինակներ:

Թամարա Գրիգորյան, Քարվաճառի վիքիակումբի համակարգող
Արմենուհի Ոսկանյան, Լեռնապատի վիքիակումբի համակարգող
Դաթո Աբուլաձե, Վիքիմեդիա Հայաստանի հաղորդակցության համակարգող