նվիրաբերվել է ֏121 000
4 Donors

«Վիքիմեդիա Հայաստան»-ը 2014 թվականից իր կրթական ծրագրի շրջանակներում ստեղծել է Վիքիակումբներ և վիքիխմբակներ Հայաստանի շուրջ 15 գյուղական և քաղաքային համայնքներում։

Ակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է, ունի համակարգող, որն այցելուներին սովորեցնում է խմբագրման նրբությունները, տեղեկացնում նոր գործիքների մասին, հետևում խմբագիրների ստեղծած հոդվածներին։ Այցելուները հիմնականում դպրոցականներ ու երիտասարդներ են, սակայն կազմակերպությունն ակումբների միջոցով կրթում է նաև մեծահասակների։

Վիքիակումբներում երեխաները սովորում են օգտվել Վիքիպեդիայից և խմբագրել Հայերեն Վիքիպեդիայում և այլ վիքինախագծերում։ Նրանք ստեղծում են Վիքիպեդիայի հոդվածներ՝ դրանով ինքնակրթվելով և այլոց տալով կրթվելու հնարավորություն։ Հոդվածներ խմբագրելը երեխաներին սովորեցնում է կամավորություն, դարձնում է առավել պատասխանատու, քանի որ իրենց ստեղծած հոդվածով կրթվում է մեկ այլ մարդ և իրենք պետք է անեն առավելագույնը՝ որակյալ, հավաստի, բազմակողմանի տեղեկատվություն պարունակող հոդված ստեղծելու համար։

Վիքի շարժման մեջ ներգրավված բազմաթիվ մեծահասակներ Վիքիին ծանոթացել են իրենց երեխաների շնորհիվ և դարձել ակտիվ խմբագրողներ։ Ուստի, համայնքում ակումբի հիմնումն ու ակտիվ գործունեությունը հնարավորություն է տալիս մեծահասակներին ևս սովորել օգտվել Վիքիպեդիայից և խմբագրել այն՝ դրանով իսկ լցնել իրենց առօրյան, բազմազանեցնել տեղեկատվության աղբյուրները և ձեռքբերել նոր գիտելիքներ։ Հոդվածներ խմբագրելով նրանք կատարելագործում են նաև մայրենի և օտար լեզուների իմացությունը, քանի որ հաճախ հոդվածը ստեղծում են այլ լեզուներից թարգմանելով։ Խմբագիրներն իրենց փորձով հասկանում են, թե ինչ է նշանակում կամավոր լինել, անհատույց որևէ գործ անել և սեփական ներդրումն ունենալ ազատ գիտելիքի տարածման գործում։

Ակումբ հաճախելը և Վիքիի մեծ, համաշխարհային ընտանիքի մաս լինելը խմբագիրներին տալիս է հաղորդակցության կարևոր հմտություններ, օգնում է դառնալ առավել ինքնավստահ ու համարձակ, մասնակցել միջազգային վիքի հավաքների, մեծացնում է նրանց պատասխանատվությունը, քանի որ յուրաքանչյուրը հասկանում է, որ ինքը մեծ շարժման մասնիկն է։

Վիքիակումբները գործում են բացառապես անհատների նվիրաբերումների շնորհիվ։ Նվիրաբերելով Վիքիակումբների համար՝ Դուք օժանդակում եք Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների երեխաների կրթությանը և ազատ գիտելիքի տարածմանը։