Blog

Վիքիակումբը` գյուղական համայնքներում ոչ ֆորմալ կրթական կենտրոն

Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության վիքիակումբները, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք, հիմնականում` գյուղական համայնքներում, նպատակ ունեն օժանդակել տեղի դպրոցականների կրթական գործընթացին:

ԱՀ-ում (Արցախի Հանրապետություն) Քարվաճառի վիքիակումբը, որ Արցախի երեք վիքիակումբներից մեկն է (մյուս երկու Վիքիակումբները գործում են Ստեփանակերտում և Տողում), բացվել է 2017 թվականի մարտ ամսին: Ակումբում կա գրանցված 83 մասնակից, որոնցից յուրաքանչյուր ամիս ակտիվորեն ակումբ են հաճախում 30-35-ը: Ակումբի հիմնական խմբագիրները Քարվաճառի միջնակարգ դպրոցի 9-16 տարեկան դպրոցականներն են: Անցնող տարում ակումբի մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել են 530 հոդված: Բացի Վիքիպեդիա, Վիքիդարան և Վիքիբառարան նախագծերում աշխատելը, ինչը բարձրացնում է նրանց գրագիտությունը, օգնում է առավել հստակ ձևակերպել մտքերն ու զարգացնում է օտար լեզուներից (հիմնականում` ռուսերենից) տեքստերը հայերեն թարգմանելու հմտությունը, Վիքիակումբը նաև զարգանալու, հաղորդակցման կարողությունները զարգացնելու, ունեցած գիտելիքը ընկերների հետ կիսելու և օգտակար ժամանցի վայր է Քարվաճառի դպրոցականների համար: Այդ ամենին նպաստում են Քարվաճառի վիքիակումբում պարբերաբար կազմակերպվող մի շարք միջոցառումներ:

Այս ամիս Քարվաճառի վիքիակումբի «Հանդիպում արվեստի հետ» խորագիրը կրող շարքի հերթական հանդիպումը նվիրված էր հայ գրող Վարդգես Պետրոսյանին: Ելույթը ներկայացնող Սվետլանա Նալթակյանը նշեց, որ կարդալով գրողի մի քանի ստեղծագործություններ` ցանկացել է դրանց մասին պատմել ընկերներին ու խորհուրդ տալ նրանց ևս կարդալ, քանի որ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները նախատեսված են հիմնականում հենց դպրոցականների համար: Շարքի նախորդ հանդիպումները նվիրված են եղել դերասանուհի Սիրանույշին, երգահան Կոմիտասին, գրողներ Եղիշե Չարենցին ու Պարույր Սևակին:

Վիքիակումբ հաճախող պատանի խմբագիրների ամենասիրելի զբաղմունքներից են տարբեր ինտելեկտուալ, զարգացնող խաղերը՝ «Այլ կերպ», «Brainy», «Արվեստ»:

«Ափսոս, որ հաճախ ժամանակ չենք ունենում խաղալու, քանի որ ակումբում եղած ժամանակ մեծամասամբ խմբագրում ենք: Ամսվա մեջ մեկ օր ենք հատկացնում խաղերին, ինչն էլի շատ հաճելի է: Լիցքաթափվում ենք, միմյանց հետ շփվում, ինչպես նաև` շատ նոր գիտելիք ստանում: «Արվեստ» խաղի շնորհիվ վերջերս ծանոթացա նկարիչ Աշոտ Հովհաննիսյանի աշխատանքներին, որոնք շատ հավանեցի, և առաջիկայում նրա ստեղծագործության մասին կկարդամ ու կպատմեմ ընկերներիս»,— ասում է ակումբի պատանի խմբագիրներից Լիանա Մկրտչյանը:

Քանի որ Քարվաճառն ու առհասարակ Շահումյանի շրջանը համացանցում ավելի լայնորեն ներկայացնելու կարիք կա, ակումբի սաներն առիթը բաց չեն թողնում իրենց բնակավայրի տեսարժան վայրերը լուսանկարելու ու Վիքիպահեստ բեռնելու հնարավորությունը: Անցնող տարում ակումբականները շրջել են Քարվաճառով ու լուսանկարներ արել, ինչպես նաև՝ այցելել են շրջանի` հարուստ պատմություն ունեցող Ծար համայնքը, լուսանկարել տեղի եկեղեցիներն ու լուսանկարներն ազատ օգտագործման իրավունքով բեռնել Վիքիպահեստ:

Քարվաճառի վիքիակումբի մասնակիցները Ծարում

Հատկապես գյուղական համայնքներում դպրոցականներն ու նրանց ծնողները մտավախություն ունեն, որ որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքը լիարժեքորեն չի իրականացվում: Այսօր աշխարհում դպրոցներից զատ շատ տարածված են ոչ ֆորմալ կրթական նախագծերը, և միջազգային այնպիսի ճանաչված հիմնադրամի, ինչպիսին է «Վիքիմեդիա Հիմնադրամը», ներկայացվածությունն Արցախում մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ որակյալ կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա` անկախ իր բնակավայրից:

Վիքինախագծերում աշխատելով` Քարվաճառում բնակվող պատանիները հասկանում և զգում են, որ իրենք աշխարհում տեղի ունեցող մի մեծ գործընթացի մաս են: Լավագույն խմբագիրները հնարավորություն ունեն մասնակցելու Վիքիճամբարների, որոնք հաճախ միջազգային են լինում, որտեղ քարվաճառցի դպրոցականները հանդիպում են իրենց հասակակիցների տարբեր երկրներից, շփվում են նրանց հետ, կիսվում իրենց փորձով ու գիտելիքով և իրենց մեկուսացված չեն զգում: Վիքինախագծերում խմբագրելը նաև ճանաչում է բերում: Քանի որ Վիքիպեդիան հայտնի է ամբողջ աշխարհում, ցանկացած ազգի ներկայացուցչի հետ հանդիպելիս իրենք մեկ ընդհանուր բան ունեն, որ կարող է կապել նրանց: Միգուցե դժվարանան բացատրել, թե որտեղ է Քարվաճառը, սակայն կարող են հպարտորեն նշել, որ իրենք համաշխարհային շարժման մաս են:

Թամարա Գրիգորյան

Քարվաճառի վիքիակումբի համակարգող