Blog

Ամառային Վիքիճամբար 9-15 տարեկանների համար

Այս տարվա Ամառային Վիքիճամբարները աչքի ընկան դիմորդների և մասնակիցների մեծ թվով։ Վիքիմեդիա Հայաստանը երկու ճամբարների համար ստացել էր շուրջ 300 հայտ։ Դիմորդների մեծ մասը դիմել էր 9-15 տարեկան աշակերտների համար կազմակերպվելիք Ամառային Վիքիճամբարին։ Առաջին ճամբարը նշանավորվեց նաև վճարովի մասնակիցների մեծ թվով․ 30 մասնակիցները հավասարապես բաշխվեցին ջոկատների միջև։

Վիքիմեդիա նախագծերում սովորեցնելու և խմբագրելու գործընթացը կազմակերպվել էր 12 փորձառու վիքիխմբագիրների օգնությամբ (Վիքիթիմ)։ Մասնակիցները խմբագրում էին 3 Վիքիմեդիա նախագծերում՝ Հայերեն Վիքիբառարանում, Վիքիդարանում և Վիքիպեդիայում։ Վիքիթիմը նաև պատասխանատու էր ճամբարի ընթացքում ստեղծված բովանդակության որակի ստուգման համար։ Կազմակերպչական թիմը նորեկներին խմբագրել սովորեցնելու նոր մեթոդներ կիրառեց․ յուրաքանչյուր ջոկատի փորձառու խմբագիրները, որոնք ցանկություն հայտնեցին գիտելիքներով կիսվել իրենց թիմակիցների հետ, վերջիններիս սովորեցրին խմբագրման գործիքներն ու կանոնները։ Այս մեթոդի կիրառումը թույլ տվեց ուսուցման և սովորելու գործընթացն ավելի արդյունավետ դարձնել, քանի որ թեման միշտ ավելի դյուրըմբռնելի է, երբ նույն տարիքի աշակերտներն են միմյանց սովորեցնում։ 

Ամառային առաջին Վիքիճամբարի մասնակիցները վորքշոփի ժամանակ, լուսանկարը՝ Աշխեն Մուրադյանի, CC BY-SA 4.0

Այս ճամբարի ձեռքբերումներից մեկն այն էր, որ Հայերեն Վիքիբառարանը 2 հորիզոնականով վեր բարձրացավ Վիքիբառարանների ցանկում․ այժմ մենք 21-րդ հորիզոնականում ենք։

Ճամբարի վերջում Վիքիթիմը քննարկեց և առանձնացրեց ուշադրության արժանի մի քանի կետեր, որպեսզի եկող տարի նույն տարիքի մասնակիցների համար նախատեսված ճամբարը կազմակերպելիս դրանք հաշվի առնվեն։ Այդ կետերը հետևյալն են՝

  • Կրճատել յուրաքանչյուր վորքշոփի ժամը՝ 1.5-ից դարձնելով 1 ժամ, քանի որ այս տարիքի ճամբարականների համար դժվար է կենտրոնանալ և արդյունավետ խմբագրել այդքան երկար ժամանակ։
  • Առաջին վորքշոփի ժամանակ կես ժամ հատկացնել նախորդ օրվա խմբագրական սխալները քննարկելու համար (նախկինում ևս կիրառվել է նմանատիպ պրակտիկա, սակայն այն համակարգված բնույթ չի կրել)։
  • Հնարավորության դեպքում ավելացնել Վիքիթիմի անդամների թիվը։
  • Օրակարգում ներառել այնպիսի միջոցառումներ, որոնց ժամանակ Վիքիթիմը կկարողանա վորքշոփից դուրս շփվել ճամբարականների հետ։

Ճամբարի ոչ վիքիական կյանքը լի էր հետաքրքիր և ժամանցային միջոցառումներով։ Բացի սպորտային և ինտելեկտուալ խաղեր խաղալը, ճամբարականները հյուրընկալեցին Հովհաննես Թումանյանի թանգարանի Կրթական ծրագրի թիմին, որոնք ներկաներին ծանոթացրին հայ գրող Հովհաննես Թումանյանի կյանքի և գրական ստեղծագործությունների հետ։ Ներկայացումից հետո հյուրերը ճամբարականների համար վիկտորինա կազմակերպեցին, որի ժամանակ աշակերտները պատասխանեցին Թումանյանի վերաբերյալ տարբեր հարցերի։ Ինչպես շատերը գիտեն, Թումանյանը երեխաների համար ստեղծել է նաև մի շարք խաղեր։ Ճամբարականներն ուրախ էին Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակազմի օգնությամբ խաղալ այդ խաղերը։

Ճամբարի մասնակիցները Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակիցների կազմակերպած խաղի ժամանակ, լուսանկարը՝ Աշխեն Մուրադյանի, CC BY-SA 4.0

Ճամբարի մյուս հիշարժան միջոցառումը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպած կրթական-տեղեկատվական միջոցառումն էր։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն իրականացրին վարժանք-խաղեր, որոնք ուղղված էին արտակարգ իրավիճակների ժամանակ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանները ներկայացրեցին «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրությունը։ Ներկայացման ավարտից հետո ճամբարականները դիտեցին ԱԻ նախարարության և «Save the Children» կազմակերպության կողմից պատրաստված ուսուցողական մուլտֆիլմեր՝ երկրաշարժի, ջրհեղեղի և հրդեհի մասին, որից հետո կազմակերպվեց վիկտորինա խաղ: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպած տարհանման դասընթացը, լուսանկարը՝ Աշխեն Մուրադյանի, CC BY-SA 4.0

Ճամբարականների համար կազմակերպվեց նաև տարհանման ուսումնական վարժանք։ Դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո ժամանեցին հրշեջ-փրկարարներն ու անմիջապես սկսեցին աշխատանքներ իրականացնել հանգստյան տան տարածքում` տարհանելով այն ճամբարականներին, որոնք չէին հասցրել հեռանալ շենքից։ Ուսումնական վարժանքն իրականացվեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Հրազդան քաղաքի թիվ 44 ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ մայոր Սամվել Դավթյանի վերահսկողության ներքո։ 

Օրվա ավարտին երեխաները սովորեցին նաև թե ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել տարբեր իրավիճակներում:

Լիլիթ Թարխանյան,
Վիքիմեդիա Հայաստանի Կրթական ծրագրի համակարգող