Blog

Վիքիճամբարում օրերն այնպիսին են, որ վերադառնալու ցանկություն չի առաջանում

Արդեն 3 տարին անընդմեջ Քարվաճառի վիքիակումբի ակտիվ խմբագիրները մասնակցում են ամառվա ամենահետաքրքիր վիքի միջոցառմանը՝ Վիքիճամբարին։ Այս նյութում նրանք պատմում են իրենց տպավորությունների, ստացած կարևոր գիտելիքների և նոր ծանոթությունների մասին։

13-ամյա Էլեն Գևորգյանն արդեն երրորդ տարին է` մասնակցում է ամառային Վիքիճամբարին: «Երբ առաջին անգամ լսեցի Վիքիճամբարի մասին, ես չգիտեի` ինչպիսին է այն, դուր կգա ինձ, թե ոչ, բայց ես այն հավանեցի հենց առաջին րոպեներից»,— Վիքիճամբարի մասին իր տպավորություններով է կիսվում Էլենը: Պատանի խմբագրի կարծիքով` Վիքիճամբարի ընթացքում ինքն ու ընկերները հնարավորություն են ստանում գիտելիք ձեռք բերել ու դրանք մյուսներին փոխանցել: «Կարևոր է նաև ազատ շփումը այլ Վիքիակումբների, քաղաքների, գյուղերի և նույնիսկ` երկրների երեխաների, տարբեր վիքիօգնականների, ջոկատավարների հետ: Այստեղ նույնիսկ հայերեն տառերը չիմացող նորեկ խմբագիրները սովորում են խմբագրել հայերեն ստեղնաշարով»:

Նույն վիքիակումբից մեկ այլ պատանի խմբագիր` 14-ամյա Լենա Ղազարյանը, որը Վիքիճամբարների մասնակից է նախորդ տարվանից, ևս կարևորեց Վիքիճամբարի ընթացքում գիտելիք ստանալու ու փոխանցելու հնարավորությունը.

«Խմբագրման որոշ գործիքների հետ աշխատելը շատերս սովորում ենք հենց Վիքիճամբարում: Շատ երեխաներ էլ հենց խմբագրել են սովորում այստեղ: Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են քո ընկերներից շատերը, որոնք հայերեն ստեղնաշարի հետ աշխատել չեն կարողանում, օրեր անց վարժ տիրապետում դրան»,— ասում է Լենան և հավելում, որ իրենց ջոկատում կային երեխաներ, որոնք հայերեն տառերը չգիտեին, իսկ Վիքիճամբարից արդեն տուն էին վերադառնում` հայերեն ստեղնաշարին լիովին տիրապետելով:

Ամառային առաջին Վիքիճամբարի մասնակիցները հանգստի ժամին, լուսանկարը՝ Աշխեն Մուրադյանի, CC BY-SA 4.0

Քարվաճառի վիքիակումբի 13-ամյա խմբագիր Մարիետա Վարդանյանն այս տարի առաջին անգամ էր մասնակցում Վիքիճամբարին: «Վիքիճամբարում շատ բան սովորեցի, իմացա մի քանի նոր գործիքներով համակարգչի վրա աշխատել»,— պատմում է Մարիետան:

ՎիքիՃամբարի տպավորությունները կիսելիս երեխաներն ընդգծում են խաղերի միջոցով սովորելը և մի քանի կարևոր հանդիպումներ, որոնք ևս գիտելիքի աղբյուր են դարձել նրանց համար․

«Այս ամառվա առաջին Վիքիճամբարի ընթացքում հանդիպում ունեցանք Հովհաննես Թումանյանի թանգարանի ներկայացուցիչների հետ: Նրանք մեզ պատմեցին Թումանյանի մասին, իսկ ստացած գիտելիքն ստուգեցինք Հովհաննես Թումանյանի կյանքին ու ստեղծագործություններին նվիրված խաղ-վիկտորինայով: Հանդիպման վերջում խաղացինք նաև Թումանյանի հեղինակած մի քանի զարգացնող խաղեր» — Լենա:

«Վիքիճամբարում նույնիսկ խաղերով էնք շատ գիտելիք ստանում: Ամեն տարի մեզ Վիքիճամբարում այցելում են հյուրեր` տարբեր տեղերից: Այս տարի ևս տարբեր հյուրեր ունեցանք: Վիքիճամբարում օրերը անցնում էին շատ արագ և զվարճանքներով լի» — Լիանա Ղազարյան (13 տ.):

Ամառային առաջին Վիքիճամբարի մասնակիցների բեյջերը, լուսանկարը՝ Աշխեն Մուրադյանի, CC BY-SA 4.0

«Ինձ շատ դուր եկավ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված միջոցառումը, որի ժամանակ ես սովորեցի, թե ինչ է պետք անել երկրաշարժի, հրդեհի և ջրհեղեղի ժամանակ: Նրանց ցուցադրած տեսանյութերը շատ հետաքրքիր էին, ուզում եմ գտնել ու ցույց տալ նաև փոքր եղբորս» — Մարիետա:

«Վիքիճամբարում օրերն այնպիսին են, որ վերադառնալու ցանկություն չի առաջանում։  Ես շատ բան սովորեցի Վիքիճամբարում և հաստատ գիտեմ, որ դրանք ինձ պետք են լինելու դեռ երկար տարիներ» — Էլեն:

Թամարա Գրիգորյան, Քարվաճառի վիքիակումբի համակարգող
Դաթո Աբուլաձե, Վիքիմեդիա Հայաստանի հաղորդակցության համակարգող