Blog

Հայ-հնդկական համագործակցություն. նոր մշակույթ բացահայտելու հնարավորություն աշակերտների համար

«Ինձ միշտ հետաքրքիր է եղել տարբեր երկրների մշակույթը։ Հնդկական խմբագրաթոնը ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու մի շատ հետաքրքիր ու զարմանալի երկրի մշակույթին»,— Անահիտ Սահակյան, Ալավերդու վիքիակումբ։

Այս տարվա հոկտեմբերի 15-30-ը Հայաստանում և Արցախում գործող վիքիակումբների համար կազմակերպվել էր հնդկական թեմատիկայով խմբագրաթոն: Իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հնդկական SEABA միջազգային դպրոցի աշակերտները մասնակցում են հայկական թեմատիկայով խմբագրաթոնին: Խմբագրաթոնը կազմակերպվել է Վիքիմանիա 2019-ի ժամանակ Քարվաճառի վիքիակումբի համակարգող Թամարա Գրիգորյանի և Փանջաբի վիքիհամայնքի ներկայացուցիչ, կրթական ծրագրերի համակարգող Մանավպրետ Կաուրի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:

Ալավերդու վիքիակումբի երեխաները համագործակցության շրջանակներում կազմակերպված վորքշոփի ժամանակ, լուսանկարը՝ Նարինե Մուրադյանի

SEABA միջազգային դպրոցի ուսուցիչ Ջագսեր Ս. Սիդհուն ևս միացել է նախաձեռնությանը` ներգրավելով նաև դպրոցում գործող վիքիակումբի աշակերտներին: Համագործակցության հիմնական նպատակն էր հայ և հնդիկ աշակերտներին հնարավորություն տալ տեղեկություն ստանալ Հնդկաստանի ու Հայաստանի մասին, ինչպես նաև` կիսել այդ գիտելիքն իրենց վիքիահամայնքների հետ: Համագործակցության հիմնական մասը առցանց խմբագրաթոնն էր, որ կազմակերպվել է թե՛ հայ, թե՛ հնդիկ աշակերտների համար:

Հայաստանի ութ վիքիակումբների խմբագիրներ 15 օրվա մեջ միասին ստեղծել են 73 հոդված հնդկական թեմատիկայով: Հայկական թեմատիկայով խմբագրաթոնին արդեն մասնակցել են 15 հնդիկ աշակերտներ, որոնք ստեղծել են 31 հոդված Հայաստանին վերաբերող տարբեր թեմաներով: Նրանք խմբագրաթոնը կշարունակեն մինչև դեկտեմբեր:

Քարվաճառի վիքիակումբի երեխաները համագործակցության շրջանակներում կազմակերպված վորքշոփի ժամանակ, լուսանկարը՝ Թամարա Գրիգորյանի

Ընտրվել էին որոշակի թեմաներ (ազգային խոհանոց, ազգային հագուստ, քաղաքներ, դերասաններ, ֆիլմեր), կազմվել ցանկեր, որոնցից էլ օգտվում էին խմբագրաթոնի մասնակիցները:

«Խմբագրաթոնն օգտակար էր. շատ բան իմացանք Հնդկաստանի սովորույթների մասին, շատ հետաքրքիր էր, որ տարբեր վիքիակումբների խմբագիրներ էի մասնակցում խմբագրաթոնին: Ավելի լավ կլինի, որ հաճախ կազմակերպենք նմանատիպ խմբագրաթոներ այլ երկրների հետ ևս, որպեսզի թե՛ մենք ավելի շատ գիտելիք ստանանք տարբեր երկրների մասին, թե՛ այլ երկրների աշակերտներ, ուսանողներ իմանան Հայաստանի մասին»,— Լենա Ղազարյան, Քարվաճառի վիքիակումբ:

Հնդիկ աշակերտների խոսքով` նրանք շատ լավ հնարավորություն են ստացել իմանալու իրենց անծանոթ մի նոր մշակույթի մասին: «Սա փոխանակման հաճելի ծրագիր է, որը հետաքրքիր է դարձրել նրանց սովորական առօրյան»,— ասում է Ջագսեր Ս. Սիդհուն:

Հայ խմբագիրների համար հատկապես հետաքրքիր էր հնդկական խոհանոցը:

«Հնդկական խոհանոցի ուտելիքներն անսովոր են մեզ համար: Դրանք հիմնականում բոլորը կծու են: Նրանք ճաշատեսակի մեջ համադրում են այնպիսի բաղադրամասեր, որ մեզ կարող է տարօրինակ թվալ: Որոշ ուտելիքներ պատրաստելու հատուկ ժամանակ ու արարողակարգ ունեն, մատուցվում են որոշակի առիթներով»,— Մարիետա Վարդանյան, Քարվաճառի վիքիակումբ:

Առցանց խմբագրաթոնից բացի մի քանի վիքիակումբներում տեղի ունեցան նաև այլ միջոցառումներ: Քարվաճառի վիքիակումբի ավագ դասարաններում սովորող խմբագիրներն իրենց կրտսեր ընկերներին պատմեցին Հնդկաստանի պատմության, աշխարհագրության, հնդիկների ազգային-ազատագրական պայքարի, մշակութային կարևոր կոթողների մասին: Նմանատիպ միջոցառում նախատեսվում է նաև SEABA դպրոցում, որտեղ հնդիկ աշակերտներին կներկայացվի Հայաստանի պատմությունը:

Կողբի վիքիակումբի խմբագիրները խմբագրաթոնի ավարտին հայ-հնդկական բարեկամության պաստառ պատրաստեցին վիքիակումբի համար` այնտեղ պատկերելով Հնդկաստանի ու Հայաստանի դրոշներն ու քարտեզները:

Կողբի վիքիակումբի մասնակիցների՝ հայ-հնդկական բարեկամությանը նվիրված պաստառ, լուսանկարը՝ Մերի Խաչատրյանի

Խմբագրաթոնը պատանի խմբագիրների համար տվյալ երկրի մասին գիտելիք ստանալու և վիքիակումբների միջև համագործակցության հնարավորություն է դարձել.

«Շատ հետաքրքիր էր հատկապես այն, որ բոլոր վիքիակումբներով աշխատում էինք մի խմբագրաթոնի համար, ու դա մրցույթ չէր, այլ մեր գիտելիքների բացը լրացնելու լավագույն միջոց։ Կուզենայի, որ ոչ միայն Հնդկաստանի, այլ նաև աշխարհի տարբեր երկրների հետ լինեին նմանատիպ համագործակցություններ, քանի որ, վստահ եմ, յուրաքանչյուր երկրում մի յուրահատուկ գաղտնիք կա թաքնված»,— Անահիտ Սահակյան, Ալավերդու վիքիակումբ։

Թամարա Գրիգորյան
Քարվաճառի վիքիակումբի համակարգող

Read more

Վիքիտվյալներ նախագիծը 7 տարեկան է

Վիքիտվյալներ նախագիծը 2019 թվականի հոկտեմբերի 24-28-ը Բեռլինում էր համախմբել 250 վիքիդատաիստների՝ մասնակցելու 2-րդ անգամ Բեռլինում կազմակերպվող WikidataCon համաժողովին։ Նպատակները մի քանիսն էին՝ քնարկել, կիսվել փորձով, սովորել և Վիքիտվյալների ծնունդը նշել: Վիքիտվյալները մշակվել և զարգացում է հիմնականում Վիքիմեդիա Գերմանիայի կողմից:

Բազմաբովանդակ միջոցառման առաջին օրը մասնակիցները ստացան Վիքիտվալների դրամապանակ, որտեղ տեղադրված Q կոդով քարտը WikidataCon Card Game-ից էր և մասնակիցներին հնարավորություն էր տալիս ծանոթանալու, խոսելու, շփվելու և կատարված աշխատանքների համար միմյանց շնորհակալություն հայտնելու:

Caroline Léna Becker, WikidataCon 2019 — 2019-10-38 — wallets, CC BY 4.0

Վիքիտվյալները կառուցվածքային և կապակցված տվյալները խմբագրելու հնարավորություն ունեցող կենտրոնական պահոց է Վիքիում՝ ազատ արտոնագրի ներքո (CC 0): Կառուցվում է միույթների հիման վրա՝ առարկա, վայր, անձ, գաղափար կամ ցանկացած այլ բան: Վիքիպեդիայի յուրաքանչյուր հոդվածի թեման համապատասխանում է Վիքիտվյալների միույթին, բայց Վիքիտվյալների միույթի սահմանումն ավելի ճկուն է և ընդգրկուն, և կան բազմաթիվ միույթներ, որոնց վերաբերյալ Վիքիպեդիայում հոդվածներ չկան: Միույթներն ունեն ոչ թե անուններ, այլ ընդհանուր նույնականացուցիչներ: Յուրաքանչյուրը սկսվում է Q տառով, որին հաջորդում է համարը: Օրինակ Վիքիտվյալներում Երևանը նշվում է Q1953։

Վիքիտվլայներում միույթը կամ պնդումը խմբագրելուց հետո այն անմիջապես հասանելի է դառնում Վիքիպեդիայի հարյուրավոր տարբեր լեզուներում:  Ի սկզբանե Վիքիտվյալները Վիքիպեդիայի հոդվածների միջլեզվային կապակցման կենտրոնն էր, իսկ այժմ դարձել է մի գործիք, որը թվային, տեքստային, վիզուալ և գրաֆիկական բովանդակությունների միջև կապեր է հաստատում:

Վիքիտվյալների հարթակում տարվա ընթացքում առանցքային թեմաներ են եղել բառարանագրական տվյալները, Վիքիպահեստի կառուցվածքային տվյալները, վիքիբազայի էկոհամակարգը և տվյալների որակը:

Հիմնական ելույթով հանդես եկավ PanLex տեխնոլոգիայի տնօրեն Բեն Յանգը և ներկայացրեց վտանգված լեզուների համար լեքսիկական տվյալների հավաքման կարևորությունը, PanLex-ի դերն ու մեթոդաբանությունը, և թե ինչպես Վիքիտվյալները և PanLex-ը կարող են համատեղ աշխատել` բառապաշարային տվյալների հավաքագրման և տարածման միջոցով լեզվական համայնքներին հնարավորություն ընձեռելով օգտագործելու իրենց մայրենի լեզուն աշխարհում:

FindingGLAMs նախագիծը ստեղծում է պատկերասրահների, գրադարանների, արխիվների և թանգարանների համաշխարհային շտեմարան: Վիքիմեդիա Շվեդիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Վիքիմեդիա Հիմնադրամը աշխատանքներ են տանում մշակելու մշակութային ժառանգության հաստատությունների և դրանց հավաքածուների համաշխարհային շտեմարան Վիքիպեդիայում՝ աշխարհի ամենամեծ և ամենահայտնի կրթական կայքում:

Կո՛չ եմ անում հայաստանյան մշակութային կազմակերպություններին կիսվելու իրենց հաստատությունների գիտելիքներով ու բովանդակությամբ համագործակցության, ուսուցման, փաստաթղթավորման և դեպքերի ուսումնասիրության միջոցով:

Գտնելով ԳԼԱՄ-ներ ծրագիրը հիմք կդնի մշակութային կազմակերպությունների և Վիքիմեդիա շարժման երկարաժամկետ և կայուն համագործակցությանը:

Առկա հասանելի տվյալները կլինեն կառուցվածքային, կունենան հարցման հնարավորություն (queryable) և կլինեն բաց լիցենզիայի ներքո` այն հնարավորինս լայն լսարանին հասցնելու համար, ինչը թույլ կտա օգտվողներին ուսումնասիրել տվյալները բազմաթիվ եղանակներով: Տվյալները կարող են օգտագործվել հավելվածների և կայքերի կողմից, ներառյալ՝ Վիքիպեդիայի հետ ինտեգրվող կայքեր և կօգտագործվեն որոնման ծառայությունների կողմից՝ Google և այլն:

Wikidata համաժողովի մասնակիցների լուսանկարը. Pierre-Selim Huard, WikidataCon 2019 — 2019-10-26 — 2642 — Group Photo, CC BY 4.0

Վիքիտվյալների 7-րդ տարեդարձի տորթերը, Mohammad Hijjawi, WikidataCon 2019 Day 1 by Hijjawi 242, CC BY-SA 4.0

Վիքիբազան կառուցվածքային տվյալների ստեղծման, կառավարման և փոխանակման համար հավելվածների և գրադարանների հավաքածու է: Այն բաց կոդով նախագիծ է, որի զարգացմանը կարող են միանալ բոլորը:

Վիքիբազան օգտակար է ցանկացած տեսակի տարասեռ տվյալների համար, որտեղ տվյալների միջև կապը կարևոր դեր է խաղում: Սա տեղին է բոլոր տեսակի ոլորտների համար՝ սկսած (թվային) հումանիտար ոլորտներից մինչև կենսական գիտություններ:

Ալբանացի վիքիպեդիստների օգտվողների խմբից Լիրիդոն Սելմանիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ազգային պատկերասրահի տվլայների բազան ամբողջությամբ տեղափոխել Վիքիտվյալներ: Վիքիտվլայներում Ազգային պատկերասրահից առկա վիքիտվյալները զետեղվել են տարբեր վորքշոփերի և վիքի-միջոցառումների ժամանակ:

Համաժողովին անմասն չմնացին նաև  Wikimedia CutenessAssociation-ի անդամները, որոնք ունեցած համաժողովի իրենց լուսանկարը:

Armineaghayan, Plushies at WikidataCon 2019 (cropped), CC BY-SA 4.0

Վիքիտվյալների գալիք նորարարություններին կարելի է ծանոթանալ Վիքիտվյալների ռազմավարության էջում:

Գործիքակազմեր՝

Համաժողովի ընթացքում արված իմ լուսանկարները կարող եք գտնել այս հղումով՝ Category:WikidataCon 2019 by ArmAg:

Արմինե Աղայան
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ անդամ, վիքիխմբագիր

Read more