Blog

«Կցանկանայի՝ կյանքում էլ, ինչպես մուլտֆիլմերում, միշտ բարին հաղթեր»․ Վիքիակումբները մասնակցում են Մուլտֆիլմերի խմբագրաթոնին

Նոյեմբերի 5-22-ը Վիքիմեդիա Հայաստանի վիքիակումբների միջև տեղի ունեցավ 3-րդ խմբագրաթոնը, որը նվիրված էր մուլտֆիլմերին։ Խմբագրաթոնի նպատակը Հայերեն Վիքիպեդիայում մուլտֆիլմերի մասին թեմատիկայի զարգացումն է։ Մրցույթի մասնակից խմբագիրները պետք է հայերեն թարգմանեին մուլտֆիլմերի մասին հոդվածներ Ռուսերեն Վիքիպեդիայից։

Մուլտֆիլմերի խմբագրաթոնի համակարգող Արմեն Միրզոյանն ասում է, որ մուլտֆիլմերի մասին հոդվածներ արդեն գրում էին Լեռնապատի և Քարվաճառի վիքիակումբների մասնակիցները, և տեսնելով, թե ինչպիսի հաճույքով են գրում, առաջարկեց այն ընդհանուր ներվիքիակումբային մրցույթ դարձնել։ Նա շեշտում է նաև, որ նախապես թեման արժանացել էր նաև ակումբավարների հավանությանը։ «Խմբագրաթոնից շատ գոհ եմ։ Գոհ եմ նաև նրանով, որ այն չդարձավ պարտադրովի և հոգնեցնող աշխատանք ակումբականների համար», ասում է Արմենը և ավելացնում, որ թեմատիկայի բավականին հեշտ լինելը օգնել է, որպեսզի հայերեն հոդվածների որակը բարձր լինի։ Որոշ հոդվածների վատորակ լինելու հանգամանքը, ըստ համակարգողի, պայմանավորված էր ռուսերեն հոդվածների վատ վիճակով։

Հացիկի վիքիակումբի անդամ Լիլիթ Խաչատրյանը փաստում է, որ հաճույքով է մասնակցել այս նախագծին, և այն ոչ միայն ևս մեկ անգամ թույլ տվեց բարելավել ռուսերենի իմացությունը, այլև թույլ տվեց ծանոթանալ բազմաթիվ մուլտֆիլմերի հետ, որոնց մասին նախկինում գաղափար չուներ։ «Բացի այդ, ևս մեկ կարևոր դրական արդյունք կար․ յուրաքանչյուր մուլտֆիլմի ավարտին ես ինչ-որ նոր բան էի սովորում, որը բնականաբար ինձ հետագայում կօգնի կյանքում ճիշտ կողմնորոշվել»,— ասում է Լիլիթը և հավելում, որ կցանկանար նման կրթական խմբագրաթոններ բազմաթիվ լինեին։

Գորիսի վիքիակումբի անդամ Անի Աբգարյանի համար կարևոր մոտիվացիա էր մուլտֆիլմերի մասին օտարալեզու հոդվածները հայերեն թարգմանելը։ Պատմում է, որ հոդվածները թարգմանելու հաճույքը կրկնակի էր, քանի որ հոդվածները ոչ միայն լայն շրջանակների էին հասանելի դառնում, այլև հնարավորություն էր ընձեռնվում իր բալիկներին հեքիաթները նորովի ներկայացնել։

Կան ակումբականներ, որոնք իրենց առաջին քայլը սկսել են հենց այս խմբագրաթոնով։ Տողի վիքիակումբից Սամվել Բադադյանը հպարտությամբ է նշում այս փաստը և ընդգծում, որ անչափ ուրախ է նախագծի շրջանակներում Վիքիպեդիայի հետ ծանոթանալու համար։ «Կարծում եմ այս խմբագրաթոնը հաճելին և օգտակարը համատեղելու կատարյալ հարթակ է», — ասում է Սամվելը և ավելացնում, որ գրելով իր դիտած և սիրելի մուլտֆիլմերի մասին, ևս մեկ անգամ վերհիշում է մուլտֆիլմերի հետաքրքիր դրվագները: Նույն վիքիակումբի մասնակից Էլեն Ավետիսյանը՝ չնայած իր զբաղվածությանը, միշտ ժամանակ գտնում է մուլտֆիլմեր նայելու համար և ուրախությամբ նշում է, որ Վիքիպեդիայում կազմակերպված խմբագրաթոնը ևս մեկ հնարավորություն էր իր սիրելի գործով զբաղվելու համար։ «Ճիշտ է ես ոչ թե մուլտֆիլմեր եմ նայում, այլ թարգմանում եմ դրանց մասին պատմող հոդվածները, բայց դրանից կրկնակի հաճույք եմ ստանում։ Բացի հաճույք ստանալուց ես շատ հեշտ ընտրեցի այն հոդվածները, որոնք թարգմանեցի և շարունակում եմ թարգմանել»։

Ալավերդու վիքիակումբի մասնակից Պավել Սահակյանը շատ մեծ ոգևորությամբ է մասնակցել խմբագրաթոնին, քանի որ վերջինս նրան տվեց կյանքին հետաքրքիր ու բարի աչքերով նայելու ևս մեկ հնարավորություն։ «Երբեմն մուլտֆիլմերը նման են մեր կյանքին․ դրանք ունենում են և ուրախ, և տխուր պահեր»,— ասում է Պավելը և հավելում, որ շատ կցանկանար, որ կյանքում էլ, ինչպես մուլտֆիլմերում, միշտ բարին հաղթի չարին։

Ընդհանուր առմամբ Մուլտֆիլմերի խմբագրաթոնի շրջանակներում ստեղծվել է 270 հոդված, մասնակիցների թիվը 102 է։ Ստորև ներկայացված է ակումբների ստեղծած հոդվածները պատկերող ինֆոգրաֆիկա։

 

Վիքիմեդիա Հայաստանը, ինչպես նշել ենք բազմիցս, կրթական-դաստիարակչական խմբագրաթոններն ու միջոցառումները նախատեսում է շարունակական դարձնել՝ հնարավորինս ամեն ինչ անելով, որ հաճելին և օգտակարը մեկտեղվեն։

Read more

«Խմբագրաթոնը հնարավորություն է տալիս շեղվել հիմնական հետաքրքրություններից»․ Վիքիակումբների անդամները հոդվածներ են գրել ամանորյա թեմատիկայով

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության վիքիակումբներում արդեն ավանդույթ է դարձել կարևոր տոներին ու համաշխարհային նշանակության իրադարձություններին նվիրված խմբագրաթոնների կազմակերպումը, որոնք մասնակիցներին օգնում են Վիքիպեդիայում խմբագրելը կապել իրենց ընթացիկ կյանքի ու իրենց հետաքրքրությունների հետ։

Հերթական խմբագրաթոնը, որ նվիրված էր Ամանորին, Լեռնապատի վիքիակումբում անցկացվել է դեկտեմբերի 10-30-ը․ այդ ընթացքում ութ մասնակիցների կողմից ստեղծվել է 29 հոդված, որ նվիրված են ձմռանն աշխարհի տարբեր անկյուններում անցկացվող հետաքրքիր փառատոնների, ամանորյա հրաշքների մասին պատմող ֆիլմերի, մուլտֆիլմերի մասին։

Այս անգամ ամանորյա խմբագրաթոնին միացել էր նաև Քարվաճառի վիքիակումբը. այստեղ խմբագրաթոնը կազմակերպվել էր 2018 թվականի դեկտեմբերի 3-20-ը և ամփոփվել դեկտեմբերի 25-ին: Ակումբի խմբագիրներին առաջարկել էր ամանորյա ֆիլմերի, մուլտֆիլմերի, երգերի, տոնը նշելու ավանդույթների մասին պատմող հոդվածների ցանկ: Խմբագրաթոնի արդյունքում Քարվաճառի վիքիակումբի 9 ակտիվ մասնակից ստեղծել է 32 հոդված:

Խմբագրաթոնի և վիքիակումբի ակտիվ մասնակից Լենա Ղազարյանը պատմում է․  «Խմբագրաթոների ժամանակ բոլորս գրում ենք նույն ցանկից, այդպես ավելի հեշտ է նյութ ընտրել և մեզ համար ավելի հետաքրքիր: Հաճախ իրար խորհուրդ ենք տալիս` որ նյութը գրել, համ մրցում ենք իրար հետ, համ էլ օգնում ենք իրար»։

Լեռնապատի վիքիակումբից խմբագրաթոնի ամենաակտիվ մասնակիցներից Քրիստինե Հոռոմսիմյանը, որ այդ ընթացքում ստեղծել է 12 հոդված, նշում է, որ ինքն ամեն անգամ սիրով է մասնակցում կազմակերպվող խմբագրաթոններին․ «Վիքիպեդիայում ես խմբագրում եմ շուրջ երկու տարի և այդ ընթացքում ստեղծել եմ տարբեր թեմաներով բազմաթիվ հոդվածներ՝ մասնակցելով նաև մի շարք խմբագրաթոնների։ Դրանցից էր անցած տարվա ավարտին անցկացված խմբագրաթոնը, որի շրջանակներում հոդվածներ եմ ստեղծել հիմնականում առաջարկվող ցանկից։ Դա արդյունավետ է այնքանով, որ առիթ է դառնում որոշակիորեն շեղվելու քո հիմնական հետաքրքրություններից և անդրադառնալու նոր թեմաների՝ սովորելով նորը»։

Քարվաճառի վիքիակումբից Ռոմա Ֆահրադյանը, որ համեմատաբար նոր է միացել ակումբի աշխատանքներին, ճանաչվել է խմբագրաթոնի ամենաշատ հոդված ստեղծած մասնակիցներից մեկը: «Խմբագրաթոնին ոգևորվածությամբ եմ մասնակցել. անկեղծ ասած, շատ էի ուզում հաղթել և փորձել եմ գրել առավելագույն թվով հոդվածներ», պատմում է Ռոման: Խմբագրաթոնի արդյունքներն ամփոփելուց հետո երկու մասնակից ստացել են խրախուսական մրցանակ` առավելագույն թվով հոդվածներ գրելու և երկու մասնակից` ամենաորակյալ հոդվածները գրելու համար:

«Խմբագրաթոնից առաջ վստահ էի, որ չեմ կարողանա գրել շատ թվով հոդվածներ, քանի որ միշտ դանդաղ եմ աշխատում: Ուրախ եմ, որ ունեցանք նաև որակյալ հոդվածների մրցանակ, քանի որ ես սիրում եմ գրել քիչ, բայց որակով հոդվածներ»,— ասում է ակումբի խմբագիրներից 12-ամյա Էլեն Գևորգյանը:

Ակումբների համար խմբագրաթոններ կազմակերպվում են նաև «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության կողմից: Ակումբականները, որ հիմնականում դպրոցականներ են, մեծ ոգևորվածությամբ մասնակցել են նախորդ տարվա վերջում կազմակերպված մուլտֆիլմերի խմբագրաթոնին, գրել մեծ թվով հոդվածներ բարի ու ուսուցողական տարբեր մուլտֆիլմերի մասին: Թեմատիկ խմբագրաթոններն օգնում են պատանիներին որոշակի թեմայով հոդվածներ թարգմանելու հմտություններ ձեռք բերել, նրանք հաստացնում են տվյալ թեմայի վերաբերյալ իրենց բառապաշարը, ըստ իրենց հետաքրքրությունների առաջարկում են թեմաներ հաջորդ խմբագրաթոնի համար և դառնում Վիքիպեդիա հանրագիտարանում ստեղծվող որակյալ բովանդակության լիարժեք հեղինակներ:

Թամարա Գրիգորյան, Քարվաճառի վիքիակումբի համակարգող
Արմենուհի Ոսկանյան, Լեռնապատի վիքիակումբի համակարգող
Դաթո Աբուլաձե, Վիքիմեդիա Հայաստանի հաղորդակցության համակարգող

Read more